ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել Արցախում գազի մատակարարման վերաբերյալ և իր մտահոգությունը հայտնել Ստեփանակերտում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։
ԵՄ-ն իր հայտարարության մեջ Ստեփանակերտի կողքին նշել է նաև ադրբեջանցիների կողմից հորինված Խանքենդի անունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտ/Խանքենդի քաղաքում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։
Ս․թ․ մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը և գազամատակարարման վերականգնմանը՝ ս․թ մարտի 19-ին։
Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատև խաղաղության և կայունության Հարավային Կովկասում։
Նշենք, որ գազամատակարարումը դադարեցված է ոչ թե միայն Ստեփանակերտում, այլ Արցախի բոլոր բնակավայրերում։











