ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ անտեսելով վերջինիս սպառնալիքները Հայաստանին

107

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։

«Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. – «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», – գրել է Կլաարը Թվիթերում։

Զավեշտալի է, որ Տոյվո Կլաարը ողջունում է միայն Ալիևի հայտարարության այն հատվածը, որն իր սրտով է, իսկ ինչո՞ւ չի արձագանքում Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որոնք ուղիղ սպառանլիք են առ Հայաստան։ Մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» բռնի տիրացում, կարգավիճակի մասին չխոսելու պարտադրանք, Սյունիքի բռնազավթում և այլն։ Կարծես թե այս հայտարարություններն ամենևին չեն հուզում ԵՄ ներկայացուցչին։ Ինչպես տեսնում ենք երկակի ստանդարտներն ամեն օր գործի են դրվում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բաքվում անցկացված համաժողովի ժամանակ իր ելույթում Ալիևը հայտարարել էր, մասնավորապես, որ «եթե երկու կողմերն էլ աշխատեն բարի կամք դրսևորելով, ապա մեկ տարվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»: