ԵՄ-ը դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան․ ով է ղեկավարելու այն և որքան ժամանակով

93
Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին գրված է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում։
Հրապարակման մեջ ասվում է, որ առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
«ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,– ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում: Առաքելության ժամկետը նախնական երկու տարի է։ Նշվում է, որ օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատոն, իսկ մոտ ապագայում կնշանակվի նաև առաքելության ղեկավար։