ԵՄ-ն ուշադիր հետևում է Բերձորի միջանցքի երկայնքով և շրջակայքում տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին հարցին։
Հարցը Բորելին ուղղել էր եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն, վերջինս խնդրել էր, որ Բորելը պատասխաներ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար՝ ադրբեջանական շրջափակման ֆոնին, կերկարացվի՞ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը և կավելացվի արդյո՞ք տեղակայված փորձագետների թիվը և արդյո՞ք սահմանափակող միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ։
Բորելի պատասխանում նշվում է, որ Բարձր ներկայացուցիչը կանոնավոր կապի մեջ է երկու կողմերի արտգործնախարարների հետ։
«Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իր իրավասության շրջանակներում՝ ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններին համապատասխան»,- ի պատասխան ասել է եվրոպացի պաշտոնյան։
Միաժամանակ, Բորելը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում երկամսյա ժամկետով տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր փուլ է սկսել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշմամբ՝ Անվտանգության և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակում՝ հայկական կողմի խնդրանքով։
Բորելը վստահեցրել է, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում pպատժամիջոցներ չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», – նշել է Բորելը։











