Էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը շրջափակված Արցախում գնալով վատանում է. Ռուբեն Վարդանյան

12

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր տելեգրամյան էջում գրում է.

«Էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը շրջափակված Արցախում գնալով վատանում է:

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հոսանքազրկված էլեկտրահաղորդման գիծը դեռ չի վերականգնվել, արգելափակված է մուտքը դեպի «վթարի» վայր։

Արցախի օպերատիվ շտաբի այսօրվա նիստում, որը վարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քննարկվել են հանրապետությունում զարգացած էներգետիկ ճգնաժամի համատեքստում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանը և կենսական նշանակության օբյեկտների անխափան աշխատանքին վերաբերող հարցեր։

Ռուբեն Վարդանյանը նշել է իրավիճակի բարդությունը և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բնակչության նվազագույն անհրաժեշտ էներգետիկ կարիքները հնարավորինս երկար բավարարվեն։

Պետնախարարը ոլորտի ղեկավարներին հանձնարարել է առաջարկներ ներկայացնել էներգախնայողության ռեժիմին անցնելու և էլեկտրաէներգիայի սպառման առավելագույն կրճատման համար»։