Գերմանական մամուլը լայնորեն լուսաբանում է Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամ։ը
«Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։
«Ոչ միայն դաշնային կառավարությունը, այլև որպես մեկ ամբողջություն՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խնդիրների է բախվում։ Թուրքիային խաղաղեցնելու ջանքերը և զիջումներով եվրոպական արժեքներին ինտեգրել փորձելու հույսը ևս մեկ անգամ ի չիք դարձան։ Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանությունում։
Դրանում ընդգծվել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։ Նշվել է նաև, որ դեպի Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։