ԵԱՀԿ ՄԽ-ն Արցախի հարցի կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տարածաշրջանային նոր իրողությունները․ Զախարովա

90
Մարիա Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային ուղևորություն է կատարում, նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում նմանատիպ շփումներ են կլինեն Երևանի հետ»,-ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ «առկա մանդատի հիման վրա՝ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները համարժեքորեն հաշվի առնելով»։

Նրա խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը կծառայի որպես անցում քաղաքական թեմաների քննարկմանը:

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան կարգավորման հարցը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում:

«Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեմաներն են, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացած են եռակողմ համաձայնագրերի իրականացման վրա», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով, առաջնահերթությունը տրվում է Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: