Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը։
«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։











