ԵԱՀԿ համանախագահները պատրաստ են քննարկել Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապայմանները

38
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Կարբոնիերի հետ:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:
ՄԽ համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը: Համանախագահները դրական են գնահատել նաև Ալիևի և Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որով նրանք պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու՝ համանախագահների հովանու ներքո:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի ներգրավմանը նման հանդիպման ձևաչափերի մեջ և վերահաստատում են առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամությունը` քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը: