5-րդ եւ 6-րդ դասարաններում կդասավանդվեն «Ես եւ իմ հայրենիքը» եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայական ծրագրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունն իր հրապարակած հանրակրթական հայեցակարգում:
25 էջանոց հայեցակարգում ներկայացված են դասընթացի արդիականությունը, բնութագիրը, նպատակը, այն է․ «Աշակերտը կուսումնասիրի մարդու անցած ճանապարհը Երկիր մոլորակի վրա՝ կյանքի առաջացման առաջին պահից մինչեւ մեր օրերը»: Ինչպես նաեւ՝ «Ձեւավորել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ազատ, գիտակից ու պատասխանատու անհատ եւ քաղաքացի՝ ունակ գնահատելու անհատ-հասարակություն փոխազդեցությունները եւ փոխակերպումները պատմական տարբեր շրջափուլերում»։
«Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու է իր հայրենիքն ամբողջության եւ աշխարհի հետ հարաբերության մեջ՝ զուգորդելով դա ազգային կենցաղի, խոհանոցի, մշակույթի, էպոսի, առասպելների ու լեգենդների, պատմական կարեւոր իրադարձությունների ու դեմքերի ուսումնասիրմամբ»,- նշված է նոր առարկայի հայեցակարգում, որով պայմանավորված՝ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ անցնելու են 7-րդ դասարանից, քանի որ 5-6-րդ դասարաններում դպրոցում կդասավանդվեն «Ես եւ իմ հայրենիքը» եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» նոր առարկաները։














