Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:
Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ձեռնակված հարձակումը ետ մղվեց ՀՀ ԶՈՒ-երի կողմից՝ հակառակորդին պատճառելով էական վնասներ:
«Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ու ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում ու Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ է»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի բոլոր հարձակումները ետ են մղվել ու հայկական կողմն առավել քան ամրացրել է իր դիրքերը:
«Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել խոսել ուժի դիրքերից ու սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև՝ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը», – ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչպետի խոսքով՝ հայակական բանակը եղել ու մնում է համազգային հպարտության աղբյուր:
«Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից», – ասաց Փաշինյանը:











