Այսօր ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, ավելի ուշ, նրան մեղադրանք առաջադրվեց` եւ միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի խափանման միջոցը կալանքն ընտրվի:
«Բառեր էլ չեմ գտնում`մեկնաբանեմ: Մանկապարտեզ բաներ են անում: Կապիկ են, կապիկներից ի՞նչ պետք է սպասել»,- Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։ Առուշ Առուշանյանը հրավիրվել էր ՀՔԾ: Արդեն ՀՔԾ-ի բակում, նրա եւ փաստաբանի վրա դիմակավորված անձինք են հարձակվել եւ բերման ենթարկել:
«Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են բոլորիս վրա, ներկայանում են որպես փաստաբան, զենքերն ուղղում են վրաներս, հարցին, թե ո՞ւր եք տանում ասում են՝ «դավայ»։ Ես ցավում եմ այս ամենի համար, բառեր չեմ գտնում ասելու: Այս ամենը տեսնելուց հետո, ես չգիտեմ`ինչ-որ մեկն էլ կուզի՞ ապրել մեր երկրում: Մեկը ես`չեմ ցանկանա, որ իմ երեխաներն ապրեն»,- ասաց Առուշանյանի փաստաբանը:











