Dasaran.am-ը միֆ է եւ խաբկանք, բիզնես պրոյեկտ է. Արայիկ Հարությունյանը բացահայտում արեց

14

Այսօր 2019-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց dasaran.am-ի ճակատագրից, հատկապես նախարարի հայտարարությունից հետո, որ պարտադիր չէ ծրագրից օգտվելը:

Նախարարը պատասխանեց. «Dasaran.am-ի հարցը եկեք մեկընդմիշտ ես փակեմ, որովհետեւ տարբեր մանիպուլյացիաներ են արվում՝ դրա հետ կապված: Dasaran.am-ը երբեք չի եղել պետական նախագիծ, դա բիզնես պրոյեկտ է: Dasaran.am-ը երբեք չի եղել պարտադիր դպրոցների համար, դա միֆ է եւ խաբկանք, տարածվող մոլորություն, որը պարտադրվում է հանրությանը: Ես ձեզ կուղարկեմ ԿԳ-ի եւ հետո ԿԳՄՍՆ-ի շրջաբերականները դպրոցների, որ գնացել են մշտական, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ այդ գործընթացը լրացումների պարտադիր չէ, պարզապես Կարեն Կարապետյանը, երբ որ այն ժամանակ, չգիտեմ ինչ սկզբունքներով ու ինչ չափանիշներով ֆինանսավորում է իրականացրել այս ծրագրի համար, այն ժամանակ այդպես իներցիայով, նաեւ երեւի տարբեր պարտադրանքների միջոցով դա դարձել է պարտադիր: Հիմա մենք դպրոցներին ասում ենք՝ ի սեր Աստծո, օգտվեք Dasaran.am-ից որքան ուզում եք՝ դասարաններով կլինի, դպրոցներով կլինի, որեւէ մեկը չի արգելում ձեզ դա անել, բայց ես պարտավոր եմ ասել, որ դա պարտադիր չէ: Որոշ ուսուցիչներ կան, զարմանում են, երբ ասում ենք, որ դա պարտադիր չէ»:

Նախարար հավելեց, որ կա հարուցված քրեական գործ հատկացված միջոցների ծախսման հետ կապված, այն գտնվում է դատախազությունում ու ճակատագիրը կվճռվի այնտեղ: