Կորոնավիրուսի դեմ պայքարողները 5 մլն դրամ աշխատավա՞րձ են ստացել․ պարզաբանում

14
Նարեկ Վանեսյան
Կարանտինի գրասենյակի նախկին ղեկավար Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Ի պատասխան այսօր Ազգային Ժողովում, իմ նախկին գործընկեր Իվետա Տոնոյանի ելույթում նշված այն տեղեկատվության, որ պետք է ճշտել օդում կախված այն լուրերը, որ Covid-19-ի դեմ պայքարում մեկուսացման գործընթացը կազմակերպող անձինք, ովքեր մտերիմ հարաբերություններ ունեն առողջապահական համակարգի պատասխանատուների հետ, ասենք 5 մլն դրամ աշխատավարձ են ստանում։
Չէի անդրադառնա այդ հարցին, եթե տեղեկությունը լիներ օդում կախված լուրերի շարքից, որոնց և՛ տարածողներին եմ ճանաչում, և՛ տարածման միտումն ինձ համար պարզ է, և գիտեմ թե որտեղ և ում մոտ են փորձել առանջին անգամ նման ապատեղեկատվություն տարածել։ Սակայն քանի որ մեր երկրի համար նման բարձր ամբիոնից ՀՀ ԱԺ պատգամավորն է օդում կախված լուրերին հղում անում, ապա փաստեմ, որ այս խոսակցություններն այլևս չշարունակվեն։
 
COVID-19-ի դեմ տարվող պայքարին միացել եմ Մարտի 18-ին` 128 օր չգնալով տուն և չշփվելով ընտանիքիս հետ, հուլիսի 24-ին վարակվել եմ կորոնավիրուսով և օգոստոսի 6-ին առողջանալով շարունակում եմ ծառայությունս առ այս պահը։ Ողջ ընթացքում ըստ հերթագայման եղել եմ` Աղավնաձորի ՀՊՄՀ, ապա նաև ՀԱԱՀ հանգստյան տներում կազմակերպվող մեկուսարանների կառավարիչը, դրանից հետո համակարգել եմ Երևանի կարանտինի գրասենյակը և նրա համակարգման տակ գտնվող մեկուսարանները, ապա մի կարճ ընթացք ՀՀ-ում գործող բոլոր մեկուսարանների աշխատանքը, դրանից հետո համակարգել եմ ՀՀ պետական երկու սահմաններում` Զվարթնոց օդանավակայանում և Բագրատաշենի մաքսակետում ՀՀ ժամանող քաղաքացիների Արմեդ համակարգով մեկուսացման մուտքագրման գործընթացը, իսկ հիմա վերջին ամիսներին իրականացնում եմ նաև կորոնավիրուսով վարակված անձանց և նրանց հետ սերտ շփում ունեցող կոնտակտավոր անձանց մեկուսացման գործընթացի` Արմեդ համակարգ մուտքագրման համակարգման աշխատանքը։ Եթե ուշադիր նայեցիք, ապա այս պայքարում իմ ողջ ծառայության ժամանակ ես զբաղվել եմ մեկուսացման կազմակերպմամբ կամ համակարգմամբ և այն միշտ իրականացրել եմ շուրջօրյա։
 
Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջին իսկ օրվանից սկսած ոչ 5մլն դրամ, ոչ դրանից երկու անգամ ավելի քիչ, ոչ դրանից անգամ երեք անգամ քիչ և այդպես շարունակելի օդում կախված լուրերի հիմքով աշխատավարձ չեմ ստացել և չի ստացել իմ համակարգման կառույցներում գտնվող որևէ անձ։ Ավելին եթե դա ձեզ անձամբ հետաքրքիր էր, դուք կարող էիք, որպես ԱԺ պատգամավոր հարցում ուղարկել ՀՀ ԱՆ կամ ՀՀ ՊԵԿ ճշտելու ձեզ անհանգստացնող օդում կախված լուրը։ Որպես վերջաբան, եթե նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ինձ և ինձ նման նվիրյալների ստացվող աշխատավարձը ձեզ իրականում հետաքրքրում է, ապա որպեսզի այլևս օդում կախված լուրերը ձեզ չանհանգստացնեն, պատրաստ եմ ձեզ տրամադրել իմ հանրային ծառայության համարանիշը և համաձայնությունը, որպեսզի անձամբ դուք տեսնեք թե արդյոք ես ստացել ե՞մ ձեր կողմից նշված աշխատավարձը, թե՞ ոչ։
 
P.S. Հպարտ եմ իմ մեծ թիմով, որոնց հետ սկսել ենք գիշեր-ցերեկ տարվող այս պայքարն ու շարունակում ենք մինչ օրս ու կոչ եմ անում բոլորին ուղղակի երախտապարտ լինել թե բժիշկներին, թե կամավորներին ու կովիդի դեմ տարվող պայքարում նվիրյալ բոլոր անձանց։
Այս մասով այլևս որևէ բան խոսելու նպատակահարմարություն չեմ տեսնում»։