Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, մինչև այդ ընտրությունը չանցնի իրենք երկիրը չեն բացելու։ Իսկ օդայինն էլ Ռուսաստանն ասում ա՝ իմ մոտ խնդիր կա, համաճարակ է և եթե նույնիսկ Հայաստանից ընդունեցի քաղաքացիների, մյուսներին ինչպես եմ ասելու, որ իրենց չեմ ընդունելու։ Նույն ձեր ասած Եգիպտոսը, ոնց սահմանը բացում է, այնպես էլ փակում է։ Այս մասին ԱԺ-ում ՌԴ մեկնել ղանկացողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Եթե ուզում եք Եգիպտոս գնալ և սահմանը բաց է, գնացեք, խնդիր չկա, դա ընդունող երկրի խնդիրն է։ Ես կարող է ուզենամ գալ ձեր տուն, բայց եթե դու քո դուռը չբացես, ես այս մարդկանց հավաքեմ գամ, կանգնեմ, ասեմ ինձ ներս թո՞ղ»,-ասաց Սիմոնյանը։ Նա քաղաքացիներին ասաց, որ հանկարծ չհավատան այն մարդկանց խոսքերին, ովքեր իրենց կասեն, որ այդ հարցը կլուծեն.«Այդ հարցը մեր ձեռքում չի, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթները վերականգնել ոչ միայն ձեր համար, այլ որ մարդ գա այստեղ, առևտուր անեն, տնտեսությունը չկանգնի, հյուրանոցները լրիվ դատարկ են։ Չեմ ուզում ձեզ խաբել։ Նայելով ձեր աչքերին՝ ասում եմ՝ ռուսներն ու վրացիները չեն թողնում ներս մտնել»,- նշեց նա։
Քաղաքացիներն էլ Սիմոնյանին հիշեցրեցին, որ Վլադիմիր Պուտինը մեր լավ բարեկամն է, Ալեն Սիմոնյանն էլ նկատեց, որ այստեղ Պուտինի հարցը չի. «Հիմա ռուսն ասում ա ոչ միայն Հայաստանից, այլ մյուս երկրներից հիմա չեմ կարող մարդ ընդունել, քանի որ անծայրածիր երկիր ա, որ տրաքավ, տրաքավ»։











