Որեւէ լուրջ բան չի արվել Հայաստանում բիզնեսները փրկելու համար․ Ռոբերտ Քոչարյան

23
Որեւէ լուրջ բան չի արվել Հայաստանում բիզնեսները փրկելու համար: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլ մի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել ոլորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ:

Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա: Տվյալ դեպքում արտոնյալ լինելն էլ պայմանական է այսօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է: Այն, ինչն այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր: Տվյալ դեպքում ես չեմ համարում, որ արվել է որեւէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար»,-ասաց Քոչարյանը: