Չավուշօղլուն հպարտացել է Ադրբեջանով և Ալիևին փոխանցել Էրդողանի ողջույնները

0

Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նույնպես Բաքվում են։

Այս մասին ասել է Բաքու եկած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես եկել եմ այստեղ մեր նախագահի անունից: Մեր պաշտպանության նախարարը և մյուս գործընկերները կգան Բաքու: Մեր խորհրդարանի նախագահը նույնպես այստեղ է»,- նշել է Չավուշօղլուն:

ԱԳ նախարարը նաեւ հպարտացել է Ադրբեջանով ու անհայտ ծագման հաղթանակներով, իբր թե  ադրբեջանցիները ցույց տվեցին «թյուրքերի հզորությունն» ամբողջ աշխարհին։

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը հանդիպման մասին թվիթերյան իր էջում գրել է. «Մենք մեր նախագահ Ռ.Թ. Էրդողանի ողջույնները և աջակցությունը փոխանցեցինք Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին: Մեր աջակցությունը մեր ադրբեջանցի եղբայրներին հավերժ կշարունակվի»։