Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու կասկածանքով Գերմանիայի Բունդեսթագը Մյունխենի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա մարտի 4-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (CDU) պատգամավոր Աքսել Ֆիշերին:
Նա մեղադրվում է որպես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԳԴՀ նախկին ներկայացուցիչ իր գործունեության ընթացքում 2008 թվականից սկսած՝ 8 տարի շարունակ Բալթյան երկրներում գտնվող հաշվեհամարներով բրիտանական «փոստարկղային» ֆիրմաների միջոցով Ադրբեջանից գումարների ստացման մեջ:
Գումարի դիմաց Ֆիշերը Ադրբեջանին վերաբերող տարբեր բանաձեւերի քվեարկության ժամանակ ադրբեջանական կառավարությանը հաճո համապատասխան ազդեցություն է գործել դրանց վրա:
Մեկ տարի առաջ Բունդեսթագը նույն մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկել էր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության մեկ այլ պատգամավորի՝ Կատրին Շտրենցին: Շտրենցը 2014-2017թթ. նաեւ Բունդեսթագ-Հարավային Կովկասի երկրներ պատգամավորական խմբի ղեկավարն էր:
Նույն ժամանակահատվածում նաեւ Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության պատգամավոր Էդուարդ Լինթներն էր որպես ԵԽԽՎ-ում Ալիեւի կառավարության շահերի ստվերային պաշտպան մեղադրվել: Մեղադրանքներն ուսումնասիրվել էին եւ հաստատվել էր, որ Լինթները գործել է որպես ադրբեջանական լոբբիի առանցքային դեմք: 2008-2016թթ. նա ընդհանուր առմամաբ 4 մլն եվրո էր ստացել Ադրբեջանից:
2018թ. Եվրոպայի Խորհուրդը Շտրենցի, Լինթների եւ եվրոպական երկրներից նույն հիմքով մեղադրված եւս 13 այլ պատգամավորների նկատմամբ Ստրասբուրգում ԵԽ շենք մուտքի արգելք էր սահմանել: