Բնակիչների համբերությունն արդեն հատել է․ Կարմիր Շուկա գյուղի բնակիչները խաղաղապահների միջոցով ադրբեջանցիներին ներկայացրել են իրենց պահանջները

113

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ-ի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց՝ բնակիչները պահանջել են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով չօգտագործեն ճանապարհը, այլ նախապես զգուշացնեն, համաձայնության գան՝ նոր անցնեն այդ ճանապարհով: Մերոնք իրենց պահանջները ադրբեջանցիներին փոխանցել են ռուս խաղաղապահների միջոցով, այնուհետև՝ բանակցություններից հետո, բացել են ճանապարհը:

Արցախցի պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցիները չեն արձագանքել դեռևս արցախցիների պահանջին.

«Մյուս անցնելուց կտեսնենք, նախապես տեղյակ կպահե՞ն, և արդեն հասկանալի կլինի՝ ընդունվե՞լ են հայկական կողմի պահանջները»:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ բնակիչների համբերությունն արդեն հատել է, փորձում են ինքնակազմակերպվել և այդ կերպ ապահովել իրենց սեփական անվտանգությունը.

«Եթե իրենք ապրում են Արցախում, նշանակում է՝ չեն վախենում թշնամու սադրանքներից, պետք է թշնամին էլ դա հասկանա և սադրանքների չդիմի, հակառակ դեպքում՝ նման միջադեպեր էլի կլինեն: Հուսով եմ՝ սա ադրբեջանցիների համար ազդակ կլինի»,-ասաց Հակոբյանը: