Բնական գազի գները կթանկանան․ Պուտին

56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին Թուրքիայում  «Աքքույու» ատոմակայան վառելիքի մատակարարման արարողության ժամանակ հայտարարել է, որ բնական գազի համաշխարհային գները կբարձրանան։

Պուտինն ընդգծել է Թուրքիայում գազային հանգույցի նախագծի կարևորությունը՝ նշելով, որ գազի մատակարարումները Ռուսաստանից երրորդ երկրներ կիրականացվեն հանգույցի միջոցով գործարքներ կատարման դեպքում։

Պուտինը խոստացել է շարունակել հուսալիորեն ապահովել Թուրքիային էներգառեսուրսներով և առաջին հերթին գազով, սակայն նշել է, որ «Աքքույու»-ի գործարկումից հետո մատակարարումները կարող են կրճատվել։

«Այն բանից հետո, երբ «Աքքույու»-ն կաշխատի ամբողջ հզորությամբ, մենք, իհարկե, ավելի քիչ, հավանաբար, բնական գազ կմատակարարենք Թուրքիային: Սա այսօր թանկ ապրանք է և միայն ավելի կթանկանա», – ասել է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Պուտինին «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար՝ նշելով, որ Թուրքիան 60 տարի ուշացումով միանում է միջուկային էներգիա ունեցող երկրների ակումբին։

Նրա խոսքով, ատոմակայանի գործարկումով հնարավոր է գազի ներկրման ոլորտում խնայել տարեկան  մոտ 1,5 մլրդ դոլար։ Թուրքիայի ղեկավարն ակնկալում է, որ «Աքքույու» ատոմակայանի բոլոր բլոկները շահագործման կհանձնվեն մինչև 2028 թվականը։