Բերձորցիներին մեկ ամիս ժամանակ են տվել քաղաքը լքելու համար

65

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2-3 օր առաջ հանդիպել է Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ և տեղեկացրել, որ բնակչությունը 1 ամսվա ընթացում պետք է լքի քաղաքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը 24News-ին ասաց, որ բնակչությանը տեղեկացրել են քաղաքը 1 ամսում լքելու անհրաժեշտության մասին։ «Այն ինֆորմացիան, որ մենք ստացել ենք, փոխանցել ենք բնակչությանը։ Բնակչությունն արդեն մտածում է՝ ինչ անել, որոշում են։ Մարդ կա դեմ է քաղաքից դուրս գալուն, մարդ կա, մտածում է՝ «դեմ լինելով ի՞նչ կփոխվի կամ չի փոխվի»։ Ամեն դեպքում բոլորը տեղյակ են իրավիճակից, բոլորին ներկայացվել է այդ ամեն ինչը», – նշեց Բերձորի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է, թե որտեղ են Բերձորից դուրս գալուց հետո ապրելու բնակիչները, ապա Նարեկ Ալեքսանյանն ասաց. «Որտեղ որ բնակչությունը ցանկանա, որովհետեւ չկա պարտադրանք, թե որտեղ բնակվես»։

Ըստ քաղաքապետի՝ կան տարբեր առաջարկներ բնակության նոր վայրի հարցում։ «Առաջարկները ոչ միայն Բերձորում այս պահին բնակվողների համար են, այլ նաև նրանց, ովքեր այնտեղ էին ապրում մինչև դեկտեմբերի 1-ը։ Այնպես չէ, որ իրենց հարցերը լուծված են, իսկ այս պահին Բերձորում բնակվողներինը լուծված չեն։ Հաշվի է առնվում նաեւ այն, որ Բերձորի թե՛ նախկին, թե՛ ներկա բնակիչների մոտ 90%-ը եկել են Հայաստանի տարբեր մարզերից», – եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։