Բելառուսում ձերբակալված ցուցարարներին մերկացնում են, ծեծում, սպառնում բռնաբարել

19
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բելառուսի կալանավայրերում պայմանները սարսափելի են:

Euronews-ն ունի մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե որքան կոպիտ են Մինսկի կալանավայրում անվտանգության աշխատակիցները վերաբերվում ցուցարարներին, անգամ ծեծի են ենթարկում նրանց:

Սոցցանցերը ողողված են ցուցարարներին ֆիզիկական բռնությունների ենթարկելու մասին գրառումներով և լուսանկարներով: Վերջին օրերին ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, մահակներով դաժանաբար ծեծի ենթարկելով մասնակիցներին, գրում է Euronews-ը:

Իննան, ում 2 օր պահել են կալանավայրում, տեսել է, թե ինչպես են ցուցարարներին հրմշտելով ներս բերում: «Տղամարդկանց մերկացնում են՝ ընդհուպ մինչև կոշիկները: Հետո նրանց ստիպվում են քայլել միջանցքով՝ հագուստը ձեռքներին բռնած, հետո ծնկի գալ՝ դեմքով դեպի պատը: Եթե բողոքում են, ծեծի են ենթարկվում»,- պատմում է նա: