Բելառուսի իշխանությունները հայտնել են, որ հետընտրական բողոքի ակցիաների և ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, գրում է The Guardian-ը։
Բելառուսի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ընտրություներից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկուշաբթի ձերբակալվել է 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ հազար մարդ:
Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է ցուցարարներին բռնության ենթարկելու ու դրա համար անպատիժ մնալու համար: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակում անցորդներին ու մահակներով ծեծում ցուցարարներին:
Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի տեսանյութ, որում իրավապահներից մեկը ծեծված ցուցարարներին արհեստականորեն փոխված ձայնով հարցնում է.«Դե ինչ՝ էլի՞ եք ուզում հեղափոխություն անել»: Դրան ի պատասխան ցուցարարները տարուբերում են գլուխները:














