ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանի վիրավորական արտահայտությունների հարցով դիմել է Արարատ Միրզոյանին

22

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի կողմից իր անձի վերաբերյալ վիրավորական արտահայտությունններ հնչեցնելու դեպքի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ողջ իշխանական ֆրակցիան և դրա կցորդ Արման Բաբաջանյանը հարձակվել էին Վարդազարյանի վրա, և նրանից բացատրություն պահանջում իր այն հայտարարության վերաբերյալ, որ դատավորները պետք է վերջնականապես իրենց աշխատանքով պատասխանեն հարցին, թե իրենք վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ։ ԱԺ նիստի ընթացքում Արման Բաբաջանյանը հետևյալ կերպ էր արտահայտվել Վարդազարյանի մասին․

«Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք, թե ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությամբ: Եկել եք սատանի մայլեն` քյանդրբազություն եք անում»:

Դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա ասաց. «Էս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ, և նա ձեր իշխանության օրոք է նշանակվել Վանեցյանի առաջադրմամբ: Այսինքն`ոչ թե դատական համակարգում նրա վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել։ Անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ բերել եք էս պատուհասը դատական համակարգի գլխին»:

Ռուբեն Վարդազարյանն էլ, պատասխանելով Բաբաջանյանի վիրավորանքներին, ասել էր, որ դատավորների էթիկայի կանոնները զսպում են իրեն պատասխանել Բաբաջանյանին իր իսկ բառապաշարով, և ասել էր, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացնելու։ Վարդազարյանը իր դիմումով Միրզոյանին առաջարկում է ստեղծել Բաբաջանյանի հայտարարությունները քննող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։