Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատները իշխանություններից հստակ քայլեր են ուզում տեսնել

97

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարազատները սպասողական վիճակում են։ Արդեն հինգ ամիս է՝ տղաներից ոչ ոք չի վերադարձել։ Շիրակի մարզից Ադրբեջանում պահվող ռազմագերիներից մեկի հարազատը՝ Մարատ Մանուկյանը (անուն-ազգանունը փոխված է) «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ներկա իշխանությունների կողմից տղաներին վերադարձնելու ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի արվում։

Հարազատներին որոշ չափով հանգստացնում է այն, որ Կարմիր Խաչի միջոցով ամիսը մեկ անգամ կարողանում են հեռախոսով խոսել Ադրբեջանում ապօրինաբար պահվող իրենց հարազատի հետ, մեկ էլ տեսագրություն և նամակ փոխանակել։

«Պաշտոնյաններն ասում են, թե քայլեր են ձեռնարկում տղաներին վերադարձնելու ուղղությամբ, բայց փաստ է, որ ոչ մի գործընթաց էլ չկա․ վերջին հինգ ամսում մեկ հոգի է եկել ընդամենը, էն էլ՝ բրյուսելյան հանդիպումներից հետո։ Պաշտոնյաների հետ մեր հանդիպումներն անադյունք են անցնում, ոչ մի առարկայական բան չեն ասում, բայց, ամեն դեպքում, փորձում ենք որտեղից հնարավոր է՝ ինֆորմացիա ստանալ տղաների մասին»,-նշեց գերու հարազատը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր ռազմագերիների մի խումբ հարազատների։ Հանդիպումը դարձյալ անարդյունք է անցել․ ծնողները Միրզոյանից չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Մինչդեռ՝ գերիների հարցերով ՄԻԵԴ բազմաթիվ գանգատներ ներկայացրած իրավաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների իրական թիվը 119 է։