Օգոստոսի 29–ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում, իսկ դրա մի մասն այնտեղից հետո Սիրիա է ուղարկվում։
Այդպիսով պաշտոնական Բաքուն իր անվստահությունն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ավելի վաղ արած պնդման վերաբերյալ, թե Իլ–76 ինքնաթիռներով Հայաստան շինանյութ է տեղափոխվում։
Բաքվում վրդովվել են հապկապես նրանից, որ, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների, Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարել 2020 թ–ի հուլիսի 12-16–ը հայ–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների կտրուկ սրացման ժամանակ և հետո։
Օգոստոսի 13-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի համատեքստում այս թեման արդեն եղել է մեդիայի գլխավոր լուրերի շարքում։
Այն ժամանակ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաղորդում էին, որ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ «լուրջ մտահոգություն» հայտնել «հայ–ադրբեջանական սահմանին բախումների դադարից՝ հուլիսի 17–ից մինչ օրս, Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարման առթիվ»։
Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հետևում է Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ Իլ–76 ռազմավարական ինքնաթիռների ակտիվ շարժին,- հայտարարել է Հաջիեւը։
Ըստ Հաջիեւի, Ռուսաստանն Ադրբեջանին հաղորդել է, որ այդ Իլ–76 ինքնաթիռները շինանյութ են տեղափոխել։ Սակայն Ադրբեջանին այդ պատասխանը չի բավարարել։











