ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
Փաշինյանի՝ Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը վարույթն իրականացնող մարմնին դրել է անելանելի վիճակում՝ Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ, իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Հակոբյանը հաստատեց, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։ Սակայն ՀՔԾ-ից պնդում են, որ «տվյալ գործի շրջանակներում որեւէ ձայնագրություն որեւէ մեկի կողմից չի ներկայացվել»։ «Փաստինֆո»-ի ճշգրտող հարցին՝ քննի՞չը պաշտոնապես չի պահանջել, թե՞ Մ.Հակոբյանը պաշտոնապես չի տրամադրել՝ ՀՔԾ-ից խոստացան պարզել ավելի ուշ։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։
Ի դեպ՝ բացի հարցաքննությունից որեւէ այլ քննչական գործողության Մ.Հակոբյանը չի մասնակցել։











