Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան:
«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,-ասված է ծրագրում:
Հիշեցնենք, որ վերջին արցախյան պատերազմից հետո հայկական բանակը ծանր կորուստներ է կրել, սակայն մեր սահմանները շուրջ 700 կիլոմետրով երկարել են։ Եվ այս պարագայում կոտրել բանակի մեջքը՝ դա անվանելով բարեփոխում, և պարտադիր ծառայության ժամկետը կրճատել՝ համալրելով պայմանագրայիններով, միայն սույն ապազգային կառավարությունը կարող է անել։ Այս քայլը բանակի կազմաքանդման վերջին փուլը կլինի։











