Բաքուն ստիպում է ստորագրել սահմանագծման համաձայանագիր, ինչը, ըստ նրանց, նշանակում է Հայաստանի դե ֆակտո կամ դե յուրե հրաժարում Լեռնային Ղարաբաղից․ Զատուլին

446
Կոնստանտին Զատուլին

Բաքվի նախաձեռնությամբ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի տապալումն արդեն իսկ ցույց տվեց Ադրբեջանի իրական մոտեցումներն ու ծրագրերը։ Այս մասին «TV Gazeta»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում էր Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես ուժային ճանապարհով. «Պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը չի բավարարվի միայն հակամարտության կարգավորմամբ։ Բաքվին ռեւանշ էր պետք: Նրանց պետք էր բավարարել ոչ միայն սեփական, այլեւ թուրքական նկրտումները, քանի որ թուրքերին պատճառ էր պետք տարածաշրջանում հայտնվելու համար։

Այս տեսանկյունից անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը չպետք է լիներ։ Ռուսաստանը պետք է ուժ ու հնարավորություններ գտներ լայնածավալ ռազմական գործողությունները կանխելու կամ գոնե դրանց դադարեցման հասնելու համար։ Սակայն մենք չկարողացանք դա անել», – ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն է Հայաստանի հետ սահմանային հակամարտությունների սրման մեղավորն ու նախաձեռնողը: Այլ տարբերակներ պարզապես չեն կարող լինել։

«Ադրբեջանը գործում է հաղթանակած կողմի տրամաբանությամբ, որը շտապում է ամրապնդել իր հաջողությունները եւ դրա համար օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ սահմանին արհեստական ​​սրացումները։

Ինչո՞ւ է Բաքուն դա անում։ Որովհետեւ նրանք կարծում են, որ ստիպել Երեւանին ստորագրել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնագիր, այսինքն՝ ըստ էության սահմանների մասին համաձայնագիր, կնշանակի Հայաստանի դե ֆակտո կամ դե յուրե հրաժարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ինքնորոշման վերաբերյալ ցանկացած հավակնություններից։

Ես սա անընդունելի եմ համարում»,- ասել է Զատուլինը: Նա մասնավորապես առաջարկել է հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ստորագրել սահմանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ներառելու։