Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ քննարկվել է ռազմագերիների հարցը, եւ իմ բոլոր փաստարկներին, որ Ադրբեջանում գտնվող հայերը ռազմագերիներ են, եւ որ Բաքուն խախտում է միջազգային իրավունքը, ռազմագերիների վերաբերյալ Ժնեւյան երրորդ կոնվենցիան, որ Ադրբեջանում, ըստ էության, թքել են անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, Սեիդովը պատասխանում էր, որ Ադրբեջանում ոչ մի ռազմագերի չկա։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեռացող խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Նա ինչ-որ զառանցանք էր դուրս տալիս ու հանկարծ հայտարարեց, որ մենք իրենց խաբել ենք։ Նրա խոսքով՝ Աղդամի շրջանում 97 հազար ականների մասին նրանց հանձնված քարտեզները ընդամենը 50 տոկոսով են համապատասխանում իրականությանը, իսկ մնացածը ֆեյք է»,- ասաց Զոհրաբյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց խորհրդարանականը, Սեիդովն ասել է, որ Բաքուն որպես բարի կամքի ժեստ պատրաստ է քննարկել հայ գերիների հնարավոր վերադարձի հարցը, բայց միայն եթե Հայաստանի իշխանությունները ստորագրեն համաձայնագիր եւ ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ կներգրավվի Լեռնային Ղարաբաղի տարածքների 75 տոկոսը, որոնք զավթվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ռազմագերիների մասին պետք է մոռանալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով ադրբեջանական պատվիրակության ղեկավարի խոսքերը։ Ընդ որում՝ նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ հայկական կողմը ոչ մի ադրբեջանցի ռազմագերի չունի։











