Բայդենի հնարավոր հաղթանակը մտահոգում է թուրքերին

8
Ջո Բայդեն

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում են բոլորը: Թուրքիայում այն նույնպես դասվել է  օրակարգային հարցերի շարքին, և մի շարք փորձագետներ փորձում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի քաղաքական ապագան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրք քաղաքագետ Քուրշադ Զորլուն նույնպես հայտնել է իր տեսակետը. Բայդենի հաղթանակն, ըստ նրա,  այնքան էլ նպաստավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Ըստ Զորլուի՝ «եթե ձայների հաշվարկն ընթանա ի օգուտ Բայդենի, ապա նոր նախագահի սեղանին կհայտնվեն մի շարք հարցեր, որոնք սերտ առնչություն ունեն Թուրքիայի հետ: Դրանցից մեկը Արցախի հարցն է»:

Քուրշադ Զորլուն նշում է, որ հայկական համայնքը Բայդենից սպասում է 5 կարևոր քայլի իրականացում, որոնք նաև տեղ են գտել նրա նախընտրական քարոզարշավում:

Դրանք են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախում հակամարտության դադարեցումը, ինչպես նաև այնտեղ դիտորդների ուղարկումը հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, Հայաստանին տրամադրվող օգնության ավելացումը և Ադրբեջանին աջակցության սահմանափակումը: