Բագրատաշենի անցակետում գտնվող ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների ջանքերն ապարդյուն չանցան։ Հուլիսի 30-ից՝ առանց տանիքի, կենցաղային անհրաժեշտ պայմանների բացակայությամբ անցակետում ապրող մեր հայրենակիցները վաղը՝ օգոստոսի 27-ին, կմեկնեն Ռուսաստան։ NEWS.am-ի հետ զրույցում նրանցից Գեղամ Բաղդասարյանն ասել է, որ ուրախալի այս լուրը օրեր առաջ են ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
«Վաղն առավոտյան՝ 8-ին պետք է ճանապարհ ընկնենք»,- նշեց նա։
Մեկնողների ընդհանուր թիվը 67 է, նրանցից 19-ը ՀՀ քաղաքացիներ են, որոնք երեկ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանը բացասական է եղել, իսկ ՌԴ քաղաքացիները Հայաստանում թեստեր չեն հանձնել։
Նկատենք, երբ մեր հայրենակիցները Բագրատաշենի անցակետ էին տեղափոխվել՝ նրանց թիվը 81-ն էր, այս օրերի ընթացքում մի մասին հաջողվել է ինքնաթիռով մեկնել։
Այն քաղաքացիները, որոնք սեփական մեքենաներով էին տեղափոխվել Բագրատաշեն, այս ընթացքում մեքենաները հատուկ փոխադրամիջոցներով տեղափոխել են Ռուսաստան։
«Ներկա պահին 3 մեքենա կա, թղթաբանությամբ են զբաղվում, կարծում եմ՝ երեկոյան դրանք էլ կուղարկենք»,- նշեց Գեղամը։














