Այսօր պահը չէ հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը խանգարում է Հայրենիքի պաշտպանությանը․ Սենոր Հասրաթյան

0

Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Ռազմական տեղեկատվությունը պաշտպանական համակարգի կարևոր բաղադրիչներից է, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում ունի ռազմավարամարտավարական նշանակության հարցերի լուծման այն գործառույթները, ինչպիսիք ունեն բանակային մյուս ծառայությունները, այն է՝ ռազմական գաղտնիքի պահպանման հրամայականով ապահովել զինված ուժերի առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Հանրային իրազեկման գործառույթը բանակի մամուլի ծառայության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը պետք է կյանքի կոչվի բացառապես առաջադրված խնդրի լիարժեք կատարման առաջնահերթությունից ելնելով, այլ ոչ թե սոսկ լրատվություն տարածելու անորոշ նպատակով:

Այսօր, քան երբևէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին և հետևողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին: Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը»,-գրել է Սենոր Հասրաթյանը: