Այսօր Վիեննայում կկայանա Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցչի 4-րդ հանդիպումը

34

Այսօր Վիեննայում սպասվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով չորրորդ հանդիպումը։

Նշենք, որ այսպես կոչված Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում, չորրորդը նախատեսված է հուլիսի 1-ին կրկին Ավստրիայի մայրաքաղաքում։

Հանդիպման օրակարգի մասին որևէ տեղեկություն չկա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանի՝ կարգավորման բանակցությունները շարունակվում են առանց նախապայմանների, սակայն ակնհայտ է, որ թուրքական կողմն ամեն հանդիպման ընթացքում նոր նախապայմաններ է առաջ քաշում, ինչի վկայությունն է նաև Ռուբինյանի հայտարարությունը, որ բանակցություններում առաջընթաց չկա։

Ինչ վերաբերում է նախորդ բանակցությունների արդյունքներին, ապա որևէ հոդաբաշխ հայտարարություն չի հնչել, որ պարզ դառնա, թե իրականում ինչ են քննարկում կողմերը և ինչ է դրված սեղանին։

Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Ռուբինյանին։