Այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի հետ «բանակցությունները» մեզ հակացուցված են․ Արմեն Այվազյան

92
Հարկավոր է դուրս գալ մահաբեր «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»։ Այս մասին գրել է պատմաբան Արմեն Այվազյանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ իրականացնում են հետևողական և անդադար ցեղասպանական քաղաքականություն, այդ թվում՝
• շրջափակումներ ու պաշարումներ,
• պատերազմական գործողություններ,
• էթնիկ զտումներ (հայաթափում),
• գերեվարումներ,
• պատմամշակութային եղեռն,
• ամենաբարձր պաշտոնական մակարդակով ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ առաջադրված տարածքային հավակնություններ,
• ամենօրյա ռեժիմով հնչեցվող սպառնալիքներ ու վիրավորանքներ։
Այդ հայատյաց ֆաշիստական պետությունների հետ 1992 թ. ի վեր ՀՀ բոլոր իշխանությունների վարած անիմաստ «բանակցությունները», «հաշտեցման» խակամիտ փորձերը, հարաբերությունների կարգավորման մասին կապիտուլյացիոն ու փուչ «արձանագրությունները», «համաձայնագրերն» ու «հանդիպումները» կարող էին ծնել միայն այն, ինչ ծնեցին՝
– մեր դեմ սանձազերծված նոր պատերազմներ,
– հայ պաշտոնատար անձանց միջավայրում կոլաբորացիոնիստների թվաքանակի աճ,
– պետական դավաճանություններ ու հանցագործություններ,
– նահանջ ու պարտություն…
Հետևաբար, ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԶ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ. դրանք ոչ միայն անիմաստ են, այլև վնասակար։ Պետք է դիմադրել կեղծավոր ու հանցավոր «միջազգային համայնքի» պահանջներին, որով զոհին (Հայաստանին) անընդհատ դրդում են «բանակցել» իր դահիճի հետ։ Այսինքն՝ ստիպում են մեզ գնալ նորանոր կենսական նշանակություն ունեցող զիջումների ու վերջնական կործանման։
Հարկավոր է դուրս գալ այս մահաբեր «բանակցությունների» 30-ամյա շրջանից։ Իրականում՝ յուրաքանչյուր թշնամական գործողություն բանակցությունները խզելու բավարար հիմք է տալիս։ Իսկ Արցախի ներկա պաշարումը ոչ թե շարքային թշնամական գործողություն է, այլ պատերազմական ու ցեղասպանական ակտ։
Թշնամու հետ բանակցել կարելի է միայն այն ժամանակ, երբ նա ստիպված կլինի հաշտվել քո գոյության հետ։ Այլապես՝ երբեք»։