Այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են․ փորձագետ

4
Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին:
Այս մասին գրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
 
«Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում եմ՝
Առաջին` էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը:
 
Երկրորդ` աշխարհազորայինների մասին օրենքն ամբողջացնել՝ հաշվի առնելով այս ընթացքում հնչեցված առաջարկները, հրատապ կարգով մտցնել Ազգային ժողով և ընդունել: Անցնել կազմավորման աշխատանքներին:
 
Երրորդ` պատերազմի մասնակիցներին միավորող կազմակերպությունների հետ խորհրդակցությունների միջոցով և համապատասխան առողջապահական ընթացակարգերից հետո կազմավորել համահավաք ստորաբաժանումներ, անցկացնել հավաքներ և նրանց ժամանակավոր կցել սահմանի տարբեր ուղղություններով տեղակայված բանակային միավորումներին:
 
Հետագայում դիտարկել նրանց՝ աշխարհազորում ներգրավվելու ձևաչափն ու հնարավորությունները, սակայն կոնկրետ այս փուլում, նկատի ունենալով արագ գործելու կարևորությունը, ներգրավվել այս ձևաչափով:
 
Չորրորդ` կարելի է դիտարկել նաև, առայժմ կամավոր հիմքունքների սկզբունքով, պահեստազորից ներկայացուցիչներ առանձնացնելու և նրանց սահմանի տարբեր ուղղություններով մարտական հերթապահության կամ որպես զորամասերի, գումարտակների լրացուցիչ ռեզերվ ներգրավելու հարցը:
 
Կարևոր չէ, թե արդյո՞ք վաղը, մի շաբաթ կամ մեկ ամիս հետո ռազմական գործողությունները կվերսկսվեն, այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են, և մենք մեզ ապահովագրելու նպատով պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք»: