Այս իրավիճակում միակ ընդունելի քայլը ձեր անհապաղ հրաժարականն է

0

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ ոլորտը պառակտած և կազմաքանդած թիվ մեկ պատասխանատուն իրեն թույլ է տալիս «համախմբման կոչեր» անել։

Սա այն պարագայում, երբ իր ապաշնորհ կառավարման, մասնագետներին արհամարհելու, ամբարտավան կեցվածքի շնորհիվ ոլորտը վաղուց կոլապսի է ենթարկվել, կան կովիդով բուժառուներ, որոնք այդպես էլ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահանում են, բուժօգնության կազմակերպումը իր ղեկավարած գերատեսչության կողմից գտնվում է փնթի, բացիթողի, տարրերային վիճակում, չկա վարման միասնական մոտեցում, կիրառվում են բազմաթիվ, երբեմն հակասական սխեմաներ, արտահիվանդանոցային պայմաններում ակնհայտաբար անվերահսկելի կիրառման արդյունքում զարգացել և խորացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը իր բոլոր բացասական հետևանքներով։ Կովիդի համաճարակը վաղուց արդեն անպատրաստվածության և անգործության պատճառով թևակոխել է անվերահսկելի փուլ։

Ոլորտը հսկայական ձախողումների առաջ կանգնեցրած անձը մեծամտաբար համարձակվում է խոսել միասնականության և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունից, այն դեպքում, երբ երկու ճակատներում պայքարող առողջապահական համակարգի դռները ինքը և իր կամակատարները անգամ պատերազմի օրերին փակել էին Կովիդ բուժման վերապատրաստում անցած ու աշխատած փորձառու բժիշկների առջև, միայն այն պատճառով, որ նրանք ֆեյսբուքում իրենց քննադատող նյութ էին հավանել։ Պատկերացնում եք իր ու իր նման անմեղսունակների կողմից ստեղծված արատավոր համակարգի քինախնդրության աստիճանը, երբ ծայրաստիճան կարիքի դեպքում պայմանագիրն ընդհատած բժիշկներին աշխատանքի չեն վերցնում Կովիդ բուժման կլինիկաներ: Այս ամենը հստակ փաստագրված է։

Ակներև սրա նմանների երեսպաշտությունը չունի սահմաններ։

Արդյունքում, իր ղեկավարի թողտվության ու անտարբերության պայմաններում․

Գիտությունը պարտվեց անգրագիտությանը,

Խելամտությունը պարտվեց տկարամտությանը,

Օրենքը պարտվեց ապօրինությանը,Պրոֆեսիոնալիզմը պարտվեց դիլետանտիզմին,

Պլանավորումը պարտվեց տարրերայնությանը,

Ռազմավարությունը պարտվեց անկազմակերպվածությանը,

Հանրային շահը պարտվեց անձնականին,

Մասնագիտական կարծիքը պարտվեց սեփական ամբիցիաներին,

Գործընկերությունը պարտվեց փառասիրությանը,

Փորձառությունը պարտվեց հպարտ դատարկախոսությանը։

Դուք ունեցել եք ավելի քան բավարար ժամանակ զղջալու, առանց վերապահումների խոստովանելու ձեր սխալները և ապաշխարելու համար: Բայց ցավոք չեք արել: Դրա փոխարեն հիմա համախմբման պատրանք եք ուզում ստեղծել ձեր կեղծ կոչերով, որոնց ո՜չ մասնագիտական, ո՜չ մարդկային ու ո՜չ էլ բարոյական իրավունքը չեք վաստակել ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում:

Այս իրավիճակում միակ ընդունելի քայլը ձեր անհապաղ հրաժարականն է»։