Այդպիսի որոշում կա՞, որ բոլորս որոշել ենք ցրել Ազգային ժողովը։ Սա ի՞նչ հայտարարություն է։ Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
ԱԺ նախագահը նշեց, որ ԱԺ-ն նման որոշում ընդունելու իրավունք չունի և նման փորձ չի արել․ «Խոսքը խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերի առաջնորդների վերջերս հնչեցրած հայտարարությունների մասին է, որտեղ ԱԺ երեք խմբակցությունները հայտարարել են, որ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման լավագույն ձևն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, նույնիսկ կոնկրետ ժամկետի մասին համաձայնություն է ձեռք բերվել»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ նկատելով, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը դրան էր վերաբերում։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը պետք է զսպաշապիկ լինի՝ արտահայտությունների սահմանները ճիշտ գծելու հարցում․ «Կանգնել, ասել, որ բոլորս որոշել ենք՝ խորհրդարանը ցրվելու է, սա իրավաբանորեն գրագետ հայտարարություն չէ»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։











