Տիգրան Ավինյանն ահազանգում է

14
Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տ. Ավինյանի գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Իսկ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։
 
Չափազանց մեծ մտահոգությամբ պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար:
 
Արդյունքում, ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման:
    
Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է աշխատում են 24/7 ռեժիմով՝ գերնպատակ ունենալով լավագույնս սպասարկել յուրաքանչյուր պացիենտի։ Հետևաբար, եթե ցանկանում ենք, որ՝
 
– Մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկումը,
 
– Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ ծառայություն,
 
– Տնտեսությունը շարունակի գործել՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,
    
ապա անհրաժեշտ է անել ամեն ինչ չվարակվելու համար, այն է՝ սրբորեն հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին, որոնք, վստահաբար, բոլորս գիտենք։
    
Հետևաբար, խնդրում, հորդորում ու պահանջում եմ լինել ծայրահեղ զգոն և ուշադիր, շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:
 
Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք հիվանդության տարածումը,
Ամուր պահե՛նք մեր թիկունքը,
Քանի որ անխուսափելիորեն #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»։