Նախնական տվյալներով 3 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են, մեկի մասով տեղեկություն չկա։ Այս մասին րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻնախարար Ֆելիքս Ցոլակյանը։
21 քաղաքացի տարհանվել են շենքից, նրանք վնասվածքներ չունեն, նրանց նաեւ հոգեբանական աջակցություն է ցույց տրվել սթրեսից դուրս գալու համար։
Ցոլակյանը ասաց, որ չի կարող ասել, թե ինչից կարող է լինել պայթյունը։
Հարցին, թե վտանգ կա՞, որ շենքի մյուս հատվածները փլուզվեն, Ցոլակյանը պատասխանեց. «Հենց դրա համար էլ երկու տեղից եկան նայեցին, սեյսմիկ ծառայությունից ինձ ասացին, որ այս պահին վտանգ չկա փլուզման հետ կապված։ Բայց, քանի որ ներսում աշխատանքներ են տարվում, իսկ մենք ամեն ինչ հաշվի ենք առնում, դրա համար մարդկանց տարհանում ենք»,- ասաց Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը իր օգնականին հանձնարարել է լուծել առաջին մուտքի բնակիչների հարցը, նրանք այսօր քնելու տեղ կունենան, իսկ հետո արդեն կառավարությունը որոշում կկայացնի։
«Աստված տա, որ կարողանանք երրորդ մարդուն փրկել»,- հավելեց Ցոլակյանը։
Հիշեցնենք, որ մեկ քաղաքացի փլատակների տակ է։











