Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի. ինչու է կորոնավիրուսից առողջացածի թեստը դրական եղել

11

Հանրային ռադիոյի աշխատակից Արմեն Վարդանյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինձ 14-օրյա մեկուսացման ցուցում էր տրված, սակայն մեկուսացման ավարտին իմ կամքով եւ միջոցներով կորոնավիրուսի թեստ հանձնեցի, որը դրական ցույց տվեց։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից փորձեցի պարզել, թե ինչ է նշանակում. վարակաբաններն ուսումնասիրելով թեստի արդյունքները հայտնեցին, որ ես դեռ վարակակիր եմ եւ վարակ տարածող։

Եթե ես թեստ չհանձնեի, ստացվում էր՝ դուրս էի գալու մարդամեջ ու, Աստված չանի, վարակեի ինչ-որ մեկի: Բայց կան հարյուրավոր մարդիկ, որ տասնչորսօրյա մեկուսացումից հետո ինքնաբերաբար արդեն համարվում են վարակ չտարածող եւ մեկուսացումից դուրս գալիս։ Սա հստակ ցույց է տալիս, որ ԱՀԿ-ի խորհուրդներն ու կարգավորման ցուցումները ժամանակավրեպ են»: