Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան

49

Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին այսօր դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս երեք տարիների ընթացքում մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ մրցունակ թիմ, եւ պայքարելու ենք մեր ազգային եւ ուժեղ պետության համար:

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել:

ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:

Նա նշեց, թե ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։

«Հիշո՞ւմ եք, անցած տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։ Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը։

Սարգսյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում իրեն մեղադրանք առաջադրվեց եւ գործն ուղարկվեց դատարան:

Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ հղեց. «Այսօր եւս ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի եւ Հայաստանի ապագայի համար: Բոլոր նրանք, որոնք համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը:

Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործին: Այլընտրանք չկա»-հայտարարեց նախկին նախագահը: