Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի բարձրաստիճան զինվորական, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Գենադի Անաշկինը:
SputnikArmenia-ի տվյալներով՝ գեներալ-լեյտենանտի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը։
Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշեւ քաղաքում (Սամարա), ծառայել է Գերմանիայում: Անաշկինը ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատարն էր Բոսնիայում եւ Հերցեգովինայում խաղաղապահ ուժերի կազմում, Չեչնիայում էր առաջին եւ երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ: Անաշկինի հրամանատարությամբ խումբը մասնակցել է 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած մարտական գործողություններին։
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական կողմը շատ ծանր էր տարել, որ Մուրադովին հաջորդած Կոսոբոկովն առաջինն այցելել էր Երևան։ Բացի այդ` ասում էին, որ նա ավելի շատ հայամետ է և Արցախում իրադրություն կարող էր փոխել։











