Արցախում խաղաղապահների տեղակայման թեմա չի քննարկվում․ Նելլի Բաղդասարյան

16
Զինվոր
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղապահների տեղակայման թեմա չի քննարկում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
 
«ԱՀ պաշտպանության պրոֆեսիոնալ բանակը շարունակում է ամենաբարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,- ասաց Նելլի Բաղդասարյանը՝ հավելելով, որ ԱՀ կողմից բնական է համարվում խաղաղապահների թեմայի ակտիվացումը արտաքին խոսույթում, բայց դրա անհրաժեշտությունն Արցախում չեն տեսնում:
 
Հիշեցնենք, որ երեկ, խաղաղապահների հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լրագրողի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, վարչապետը պատասխանել էր. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
 
Ռուսական կողմից հայտնել էին, որ դա կարող է լինել միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ։