Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը և կողաշրջել նրա ՄիԳ-17 կործանիչը

259

Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: Այս մասին գրում է war.karabakhrecords.info կայքը։

Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն ավերում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլ նաև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները:

2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են; ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նույնպես հայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը, Ազոխ գյուղում՝ Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովին արձանը և ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին նվիրված արձանը: