1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը: Արցախի անկախության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում։ Սա մեր իղձերի իրականացման և հնարավորությունների իրացման իսկապես պատմական ժամանակաշրջան էր, որի կարևորությունը շատ լավ էինք գիտակցում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում»,– նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով` այսօր՝ 29 տարի անց, Արցախը կայացած պետական միավոր է՝ շնորհիվ այն պայքարի, որը մղվում է համահայկական ուժերով, շնորհիվ այն հաղթանակի, որը կերտվեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ։
Նախագահը նշել է` Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը։ Որպես ժողովուրդ՝ հայերիս համար յուրաքանչյուր ձեռքբերում Արցախում մի քար է մեծ հայկական աշխարհի վերականգնվող պատին։ Ըստ Սարգսյանի` Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։











