Արցախի նախագահը զանգեց, ասաց, որ հարձակում է տեղի ունեցել. Փաշինյանը «Spiegel»-ին մանրամասներ է պատել

17
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցի շրջանակում պատմել է այն մասին, թե ինչպես է իմացել սեպտեմբերի 27-ի՝ Ստեփանակերտի հրետակոծության մասին:

Թեմայի վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր: