Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներ այցելության կարգը չի փոխվել․ Հետք

132

Դեկտեմբերի 1-ից, ինչպես արդեն հայտնի է, Լաչինինի միջանցքն անցել է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ «Հետքը» արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվել էր, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ու օտարերկրացիները, որոնց թվում՝ սփյուռքահայեր, մուտք գործելու Արցախի տարածք: «Արդյոք հատուկ թույլտվություն է պետք ստանալ, եթե այո, ապա ո՞վ է տալու այդ թույլտվությունը՝ ռուս խաղաղապա՞հները»,- հարցրել էինք նախարարին:

«Լաչինի միջանցքը, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշին, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Վերջինս ապահովում է երթուղու անվտանգությունը։ Միեւնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում այնպիսի դրույթներ, որոնք սահմանում են անձանց տեղաշարժի իրավունքին կամ քաղաքացիական կարգավիճակին առնչվող՝ ներկայումս գործող կարգավորումներից տարբերվող կարգավորումներ։ Այդպիսով, ՀՀ քաղաքացիների, հայազգի եւ այլ օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության իրավազորության տակ գտնվող տարածքներ այցելության կարգը փոփոխության չի ենթարկվել»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԳՆ-ից։

Նախարարին խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե Արցախի քաղաքացիներն ի՞նչ կարգավիճակում են հայտնվելու, շարունակելո՞ւ են կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված անձնագրերը, թե՞ նոր անձնագրեր են ունենալու: Եթե նոր անձնագրեր են ունենալու, ապա ո՞ր երկրի: Առանց անդրադառնալու անձնագրերի հարցին՝ ԱԳՆ-ն նշել է. «Արցախում բնակվող մեր հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նպատակով շարունակելու է կիրառվել գործող կարգը»: