Արցախի հարցի լուծումը՝ ըստ Լավրովի

684
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է  Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն հենց Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև։

Դրանում, իհարկե, շահագրգռված է նաև Հայաստանն ասել է Լավրովն ու հիշել Դոնբասի հետ կապված իրավիճակի մասին․

«Իհարկե, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով են որակյալ լինելու այդ պայմանագրերը: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան նորագույն պատմության շատ օրինակներ։ Նույն մասին էլ խոսվել է Մինսկի համաձայնագրերում, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչները։ Մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով սովորեցնելու, ապրելու, աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու և իրենց հայրենակիցների հետ որոշակի հատուկ կապեր ունենալու իրավունք: Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր»,- թվարկել է Լավրովը:

Նրա խոսքով, Կոսովոյի և Սերբիայի միջև 10 տարի առաջ ստորագրված պայմանագրով նախատեսված են նաև լեզվի, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի իրավունքները։

ՌԴ ԱԳ ղեկավարի կարծիքով, մոտավորապես նույն իրավունքներն անհրաժեշտ կլինեն ղարաբաղցիներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին այդ երկրների հավատարմության հաստատման համատեքստում:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արժանապատիվ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Դոնբասի դեպքում որեւէ պարկեշտության մասին խոսք լինել չի կարող»,-հավելել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։