8 հուլիս, 1992թ.
Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,
հայտնելով ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,
անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`
Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հետեւողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:
3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:
Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից:
Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:
Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով:
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
13 մարտի, 2023թ.
ք. Ստեփանակերտ